Հայաստանն ավելի կարեւոր է Ռուսաստանի, քան ԵՄ-ի համար: Այսօր լրագրողներին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին:

«Ռուսաստանի համար Հայաստանը կենսական կարեւոր խնդիր է: Իսկ Եվրոպան կարող է նաեւ առանց մեզ: Դա հաշվի առնելով՝ Հայաստանի շահերից է բխում առաջնայնությունը Ռուսաստանին տալը: Սա է առավել տրամաբանական պատասխանը, երբ հարցնում ենք ումից ինչ կարող ենք ստանալ»,-հայտարարել է նա:

Բնականաբար, հավելել է նա, պետք չէ մոռանալ պատմությունը, այդ թվում՝ 20-րդ դարի սկզբի, երբ Նախիջեւանն ու Ղարաբաղը փոխանցվեցին Ադրբեջանին: «Դա արել է Ռուսաստանը եւ այդ մասին բոլորն են հիշում: Սակայն ամեն ինչի պետք է նայել նախ քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից: Իսկ Եվրոպան մյուս կողմից, Հայաստանի հետ փոխհարաբերություններում եվրոպական հանդուրժողականություն չի ցուցաբերում՝ կամ մերը, կամ ուրիշինը»,-հայտարարել է Մանասյանը:

Նույն կերպ, հավելել է նա, ԵՄ-ն հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի վրա: