Ռումինիան, որպես Եվրոպական Միության անդամ, հանդես է գալիս Nabucco գազատարի եւ Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Ռումինիա գազի տարանցման օգտին: Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Տեոդոր Բակոնսկին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշել է, որ Ռումինիան ազատ շուկայի կիրառման կողմնակիցն է, եւ կցանկանար, որ նախագծերի իրականացումն առաջնորդվեր այդ ուղղությամբ:
Խոսելով իր երկրում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղադրելու որոշման մասին՝ Բակոնսկին հայտնել է, որ այն կայացվել է ինքնուրույն, առանց ճնշման, երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով:
«Մենք վստահ ենք, որ այդ ծրագրի իրականացումը կբարձրացնի երկրի անվտանգության մակարդակը եւ մեզ որպես հուսալի գործընկեր կներկայացնի»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀՊ համակարգը լիովին նոր եւ ժամանակակից համակարգ է, ունի պաշտպանական բնույթ եւ ուղղված չէ որեւէ մեկի դեմ, հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը:



























