Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է այս տարի Հայաստանում ներդրնել նույնքան միջոցներ, որքան 2009-ին` 120 միլիոն դոլար: «Այս տարի պատրաստ ենք նույնչափ աջակցել երկրին ինչպես ֆինանսական, այնպես էլ արտադրության, սպասարկման եւ ենթակառուցվածքային ոլորտի ծրագրերում»,- ասել է ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրոուն:
Անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին, նա կանխատեսել է, որ կլինի տնտեսական աճ, «բայց ոչ այն մակարդակի, որը նկատվում էր մինչեւ ճգնաժամը»: Բանկի ղեկավարի խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք չի կանխատեսում, թեեւ ակնհայտ է, որ դեռեւս առկա են լուրջ ռիսկեր:
«Երկարաժամկետ կապիտալի պակասը կշարունակի զգացվել, իսկ արտասահմանյան կապիտալի հոսքերը մոտ ապագայում չեն հասնի մինչեւ ճգնաժամը եղած մակարդակին»,- ընդգծել է Միրոուն: Հարցին, թե արդյո՞ք Հայաստանին հաջողվել է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, նա պատասխանել է. «Պետք է ազնվորեն նշել, որ Հայաստանը գովեստի է արժանի` սեփական տնտեսական համակարգում ֆինանսական ռիսկեր չառաջացնելու եւ այդ կերպ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները չմեծացնելու համար: Հակառակ դեպքում, 2009 թվականին մենք կունենայինք շատ ավելի վատ իրավիճակ: Բայց նաեւ պետք է ընդգծել, որ Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի տեղեր ունի, օրինակ` կախվածությունը դրամական փոխանցումներից, որոնց կրճատումը շատ լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի նախագահը եւ կառավարությունը ցանկանում են միջոցներ հայթայթել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար, եւ նրանց հետ ունեցած հանդիպումների ընթացքում ես հայտնել եմ մեր պատրաստակամությունը` աջակցելու նրանց այդ հարցում»:
Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկն է. մինչ այժմ Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների շուրջ 80 ծրագրերում բանկը ներդրել է ավելի քան 393 միլիոն եվրո: Թոմաս Միրոուն մարտի 16-ին այցելել է Ադրբեջան, մարտի 17-ին` Վրաստան, իսկ այսօր նա Հայաստանում է:



























