Հետևողականորեն շարունակելով ԿԲ-ի և Կառավարության կողմից համատեղ մշակված ապադոլարացման միջոցառումների ծրագրի իրականացումը, ԿԲ խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունել է մի շարք որոշումներ:

Ըստ այդմ, որոշվել է, մասնավորապես, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժույթային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար, բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար, ինչպես նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5%:

Բացի այդ, ԿԲ խորհրդի որոշմամբ «ՄԱՐԼԻԱ» ՓԲԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: