Միայն քարտեզին նայելը բավական է հասկանալու համար այն որոշակի գործոնները եւ տեսակետները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի նստել իրենց որոշումները կայացնելիս: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին նախագահին, եւ ասացի, որ եթե հավատ եւ վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ եւ վստահություն չկա, չկա ստեղծագործականություն եւ գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա…

Այն փաստը, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրից հրաժարվեց հօգուտ Մաքսային միության չի նշանակում, թե եվրոպական օրակարգը, եվրոպական արժեքները եւ սկզբունքները անհետանալու են: Դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակության ձեռքբերումները եվրոպական օրակարգն առաջ մղելու, հիմնարար իրավունքների պաշտպանության՝ արդեն ձեռք բերված մակարդակը կորչելու է: Մենք շարունակելու ենք նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում եւ աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու ենք իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի, որպեսզի շարժվենք առաջ, թերեւս ոչ այնքան արագ, եւ ոչ այնքան համակողմանիորեն, բայց՝ շարվենք առաջ»,-ասել է Ֆյուլեն:

Հարցին, թե հնարավոր չէ՞ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը տարանջատել Ասոցացման համաձայնագրից եւ Հայաստանի հետ կնքել միայն վերջինը, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. «Մենք բանակցություններ ենք վարել ոչ թե երկու, այլ ընդամենը մեկ համաձայնագրի շուրջ, որը երկու մասից է կազմված՝ քաղաքական եւ առեւտրային, որը նաեւ վերաբերում է իրավակարգավորիչ դաշտին, կամ օրենսդրության համապատասխանեցմանը: Այս երկու մասերի շուրջ բանակցությունները վարվել են երկու տարբեր թիմերի կողմից, սակայն մեկ մանդատի ներքո: Եվ բանակցությունների ընթացքում բանակցող թիմերը փոխադարձ կապեր են ստեղծել այս համաձայնագրի երկու մասերի միջեւ: Սա մեկ ամբողջական համաձայնագիր է, հնարավոր չէ դրա միջից ընտրել միայն այն մասերը, որոնք ուզում ես, եւ հրաժարվել այն մասերից, որոնք չես ուզում: Ես հարցրել եմ՝ գուցե ցանկանում եք վերստի՞ն բանակցել, եւ պատասխանն էր՝ ոչ: Մենք պետք է ինչ-որ ձեւ գտնենք, որպեսզի այս 3,5 տարիները մոռացության չմատնվեն, այսպես ասած՝ դեն չշպրտվեն: Պետք է դրանց հիմքի վրա առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Հայաստանի հետ հարաբերություններում այսօր մենք հիմնվում ենք Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի վրա, որն արդեն բավական հնացած համաձայնագիր է, մեր հավակնություններն այժմ ավելին են, քան այն հնարավորությունները, որոնք ընձեռում է գործող համաձայնագիրը: Միեւնույն ժամանակ, Ասոցացման համաձայնագիրն այլեւս օրակարգում չէ Հայաստանի ընդունած որոշման հետեւանքով: Այնպես որ պետք է քննարկել հայերի հավակնությունները եւ տեսլականը հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա դնելու՝ այդ թվում մեր հարաբերությունների նոր իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք միանշանակ պատրաստ ենք: Ես նախագահին վստահեցրեցի այս մասին: Ես թվարկեցի այն ոլորտները, որտեղ աշխատանքի կարիք կա»:

Ինչ վերաբերում է Վիլնյուսում Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ ստռորագրելու հավանականությանը, Ֆյուլեն նշել է. «Ես կցանկանայի զգույշ լինել այս հարցում, որովհետեւ մենք խոսում ենք այս Ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին, որը տեւել է 3.5 տարի: Այսինքն՝ սա լուրջ խնդիր է: Չեմ ասում, թե փոխարենը մենք ունենալու ենք համարժեք նշանակության փաստաթուղթ, բայց միեւնույնն է՝ խոսքը վերաբերում է շատ լուրջ գործի մասին՝ անդամ երկրների մասնակցության, մանդատի, նոր համաձայնագրի շրջանակների․․․ այնպես որ, եթե մինչեւ Վիլնյուսը մենք կարողանանք առնվազն ձեւակերպել, թե ինչի ենք ուզում հասնել, դա արդեն բավական մեծ առաջընթաց կլինի»:

Նրա խոսքով, Վիլնյուսում լինելու է գագաթաժողովի ավարտական հռչակագիրը, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու և քննարկելու է եւ այնտեղ հաստատ Հայաստանի հետ կապված շատ բան կլինի:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք «Ազատություն» ռ/կ-ի կայքում