«Ցարգրադ» քարոզչական հեռուստաալիքի սեփականատեր Կոնստանտին Մալոֆեևն առաջարկել է Վլադիմիր Պուտինին միջուկային հարված հասցնել Ուկրաինայում գտնվող արևմտյան զենքի պահեստներին։ Այս մասին նա հայտնել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի թոք-շոուի եթերում։ «Անհրաժեշտ է վերջնագիր ներկայացնել. 72 ժամ անց արևմտյան Ուկրաինայի այն պահեստների վրա, որտեղ գտնվում է հենց ձեր զենքը, որով սպանում են մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, միջուկային հարված կհասցվի։ Այդ ընթացքում հնարավոր կլինի տարհանում իրականացնել խոցման գոտում», — ասել է Մալոֆեևը։
«Ուղղափառ օլիգարխն» ընդգծել է, որ «մենք քրիստոնյաներ ենք, մենք լավ մարդիկ ենք», իսկ ուկրաինացիները «մեր սլավոն եղբայրներն են»։ «Մենք չենք ուզում սպանել նրանց, մենք ուզում ենք կանգնեցնել այս արյունալի, եղբայրասպան պատերազմը»։ Միևնույն ժամանակ, Մալոֆեևի խոսքով, այն, որ Պուտինը «հենց հիմա» չի օգտագործում միջուկային զենք, «սխալ» է։ «Եվ ես դրա համար քննադատում եմ նրան», — ասել է գործարարը։ Նա նշել է, որ Պուտինը Արևմուտքին տալիս է «չափազանց շատ երկրորդ հնարավորություններ»։ Այդուհանդերձ, նա «մեր երկրի լավագույն առաջնորդն է ամբողջ մեկ դարի ընթացքում», եզրափակել է Մալոֆեևը։
Մինչ այդ «ուղղափառ օլիգարխը» կոչ էր անում գարնանն Ուկրաինայի դեմ կիրառել տակտիկական միջուկային զենք։ Այդ ժամանակ նրա անհանգստության պատճառն ուկրաինական սպառազինություն արտադրող Դենիս Շտիլերմանի հայտարարություններն էին շուտով բալիստիկ հրթիռներ ստեղծելու մասին, որոնք կարող են հասնել Մոսկվա։ «Նոր պատերազմ, որը պետք է ավարտել։ Հենց հիմա։ Որովհետև Շտիլերմանն իսկապես արդեն պատրաստում է հրթիռներ», — գրել էր Մալոֆեևը «Ցարգրադի» իր սյունակում։ Միևնույն ժամանակ, նա առանձնահատուկ մտահոգություն էր հայտնել «Լուբյանկայի, ՊՆ Գլխավոր շտաբի և «Ալմազ-Անթեյի» [օդատիեզերական պաշտպանության կոնցեռն] ճակատագրի» համար։
Միջուկային զենքով հարձակումից հետո Մալոֆեևն առաջարկել էր իրականացնել «դենացիֆիկացիա»՝ ընդհուպ մինչև «բանդերական առաջնորդների և մոբիլիզացիոն կենտրոնների ղեկավարության հրապարակային մահապատիժները»։ Գործարարը նաև նշել էր, որ միջուկային մարտագլխիկով հարվածը թույլ կտա կանխել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։




























