Հայաստանի բնակչության գերակայող մասը` 40-50 տոկոսը, միշտ եղել է ռուսամետ, եվրոպամետ է բնակչության 20-25 տոկոսը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ բնակչության ուղղվածության առումով 3-րդ տեղում ԱՄՆ-ն է, իսկ 4-րդ տեղում՝ Իրանը, սակայն վերջին տարիներին տեղերով փոխվել են։

«Ռուսաստանն ունի ներդրումային մեծ գումարներ, պետք է տիրություն անի իր փողերին: Եթե Եվրոպան ուզում էր,  որ մենք դառնանք իր ընկերը, ժամանակ ուներ, պետք է ներդրումներ աներ։ Իսկ եթե այս տարածքն իր համար ռիսկային է, ապա թող լուծի Ղարաբաղի հարցը»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը;

Սոցիոլոգը նաեւ ասաց, որ Մաքսային միությունը վտանգավոր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման առումով, քանի որ դա դառնում է նոր, սուպեր մայրացամաք, ինչը վախեցնում է Եվրոպային: «Երբ Ռուսաստանը մենակ է, թույլ է, երբ մետաստազներով փորձում է մտնել, ուժեղանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ  այն, ինչ հիմա մենք ասում ենք, Եվրոպան ընդունում է սուսուփուս, հասկացել է, որ մենք այլընտրանք չունենք։