Հոգեկան առումով անհավասարակշիռ անձին ձերբակալելիս՝ ոստիկանները վիրավորել են երկու կանանց, իսկ երիտասարդին, որը վթարի էր ենթարկվել եւ օգնության կարիք ուներ, պարզապես սպանել են:

Կասկածելի տղամարդուն փորձում էին բռնել Թայմս-սքուերում՝ Նյու Յորքի կենտրոնում. տարօրինակություններով տղամարդը դուրս է եկել երթեւեկելի հատված՝ արգելափակելով երթեւեկությունը: Օրենքի պահապանները մոտեցել են նրան եւ փորձել ձերբակալել, սակայն տղամարդը չի հանձնվել, ձեռքը գրպանն է տարել եւ ձեւացրել, թե հրացան է հանում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ոստիկանները երեք կրակոց են արձակել, սակայն տղամարդուն չեն վիրավորել: Տուժել են պատահական անցորդները՝ 54 եւ 35 տարեկան երկու կանայք: Միջադեպի մեղավորն արդյունքում վնասազերծվել է էլեկտրաշոկի միջոցով:

Ոստիկանների մասնակցությամբ եւս մեկ միջադեպ է տեղի ունեցել Շարլոթ քաղաքում (Հյուսիսային Քարոլինայի նահանգ): Ոստիկանությունում տեղի բնակչուհիներից մեկից ահազանգ է ստացվել, որը պնդել է, որ իր դուռը ծեծում է մի անհայտ տղամարդ:

Երբ իրավապահները ահազանգով ժամանել են դեպքի վայր, տղամարդը անմիջապես դուրս է եկել նրանց ընդառաջ: Մտածելով, որ նա կարող է վտանգ սպառնալ, ոստիկանները փորձել են էլեկտրաշոկերով չեզոքացնել նրան, սակայն դա չի աշխատել եւ ոստիկաններից մեկը կրակ է բացել: 24-ամյա Ջոնաթան Ֆերելը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Նրա մոտ զենք չի եղել, հաղորդում է  NEWSru.com-ը:

Ավելի ուշ, դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է Ֆերելին պատկանող վթարված ավտոմեքենան: Նախնական վարկածով՝ տղամարդը վթարի է ենթարկվել եւ օգնության խնդրանքով ծեծել հարեւան տների դռները: Կրակ բացած ոստիկանը ձերբակալվել է: Նրան մեղմացուցիչ հանգամանքներում սպանության մեղադրանք է առաջադրվել: