Լիտվան մեղադրել է Ռուսաստանին քաղաքական նկատառումներով մաքսային ստուգումները խստացնելու մեջ` ԵՄ-ին կոչ անելով աջակցել իրեն այդ հարցում:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտնել է, որ մաքսակետում վերահսկողության խստացումը ԵՄ-ի հետ ինտեգրվել ցանկացող նախկին հարեւան հանրապետություններին վախեցնելու ռուսական քաղաքականության մի մասն է:
«Տեսնելով, թե ինչ միջոցներ են կիրառվում Մոլդովայի եւ Ուկրաինայի նկատմամբ, իսկ այժմ էլ տեղեկանալով լիտվական ապրանքների նկատմամբ մանրամասն ստուգումների մասին, դժվար է իրավիճակն այլ կերպ ընկալել»,- հայտնել է նա EUobserver կայքի հարցազրույցում: Նա ԵՄ-ի գործընկերներին կոչ է արել հետեւել միջազգային պարտավորություններին:
Սեպտեմբերի 11-ից Ռուսաստանը նոր մաքսային ռեժիմ է ներմուծել լիտվական տրանսպորտային ընկերությունների համար: Անցյալ շաբաթ Լիտվայում Ռուսաստանի դեսպանին գրավոր բողոք էր հանձնվել սահմանային խնդիրների մասին: «Ռուսաստանի կողմից պաշտոնական պարզաբանումների բացակայությունը չի օգնի այս իրավիճակում»,- հայտնել է Լինկյավիչուսը:
Հոդվածում նաեւ նշվում է, որ վերջերս Ռուսաստանը ջանքեր է գործադրում Մոլդովայի եւ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, այն բանից հետո, երբ Հայաստանը, ի զարմանս բոլորի, հայտարարել է ազատ առեւտրի գոտու փոխարեն Մաքսային միություն մտնելու մասին:





























