Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի մեղմացման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, հաղորդում է «GHN»-ը:
Նրա խոսքով, փաստաթղթի պաշտոնական ստորագրումը կկայան հունիսին, եւ որոշ արարողակարգերից հետո այն կմտնի ուժի մեջ:
«Եվրամիության հետ վիզային ռեժիմի մեղմացման բանակցություններն արդեն ավարտվել են, եւ այսօր տեխնիկական խնդիրներն են լուծվում: Համաձայնագիրը պաշտոնապես կձեւակերպվի հունիսին, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին կմտնի ուժի մեջ»,- ասել է վարչապետը:
Ըստ վարչապետի, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիների որոշակի հատված կվճարի վիզաների գնի կեսը, իսկ մի մասն էլ ընդհանրապես կազատվի վճարներից: Արտոնությունները տարածվելու են ուսանողների, մարզիկների, մանկավարժների եւ գործարարների վրա:



























