ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունը սպառնալիքի տակ է, հնարավոր են ահաբեկչություններ եւ բռնություններ։ Հայտարարությունն արվել մարտի 19-ին եւ ուժի մեջ է մինչեւ ապրիլի 30-ը։
Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է զգույշ լինեն հատկապես «Հեռացիր ամերիկա, սա մեր երկիրն է» ակցիաների ժամանակ։
Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել են աչալուրջ լինել մարտի 21-ից սկսվող Նովրուզ Բայրամի ժամանակ։ Թուրքիան անցած տարի այդ օրերին բողոքի ակցիաներ է անցկացրել եւ հնարավոր է, որ դրանք շարունակվեն։
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում Թուրքիա մեկնող եւ այնտեղ գտնվող իրենց քաղաքացիներին հեռու մնալ հնարավոր հանրահավաքներից եւ ցույցերից, քանի որ խաղաղ ցույցերը կարող են վերաճել բախումների եւ բռնությունների։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի բնակիչներին՝ հեռու մնալ այն տարածքներից, որտեղ ցույցեր են անցկացվում։ Հատկապես պետք է ուշադիր լինել այն վայրերում, որտեղ շատ ամերիկացիներ կան»։



























