Սպիտակ տունը սեպտեմբերի 17-ին հաստատել է այն տեղեկությունները, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հետաձգել է իր պետական այցը, որը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին: Ավելի վաղ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսեֆի հետ: Երկրների ղեկավարները որոշում են կայացրել հետաձգել այցը:

Դրա պատճառն ամերիկյան լրտեսական սկանդալն է: Խոսքը, մասնավորապես այն մասին է, որ գաղտնալսվել են Ռուսեֆի բանակցությունները: Սպիտակ տան մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Օբամայի հրամանով ԱՄՆ-ում սկսվել է հետախուզական գործունեության «լայն վերանայում», սակայն դրա համար ամիսներ կպահանջվեն, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

Անհասկանալի է մնում, թե երբ է բրազիլացի առաջնորդը այցելելու ամերիկյան մայրաքաղաք: Ընդ որում, ընդգծվում է, որ Օբաման ուրախ կլինի տեսնել Ռուսեֆին ցանկացած օր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: