«Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը նորմալ է գնահատում, չնայած որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից բաժին հասավ նաեւ նրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Նշելով, որ «ընդհանուր վերցրած կառավարությունը եւ նախարարները լավ են աշխատում»՝ նա հույս հայտնեց, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձ է արվելու մեծացնել բյուջեն եւ հաղթահարել ստեղծված իրավիճակը։

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե քննարկե՞լ է արդյոք կառավարությունը ընդդիմության կողմից վերջերս մշակված «100 քայլ» տնտեսական ծրագիրը, Ռ. Զոհրաբյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում Հրանտ Բագրատյանի ծրագիրը հատուկ չի քննարկվել. «Առաջին տեսքից այն նորմալ է, սակայն մինչեւ ծրագիրը պրակտիկայում չկիրառվի, ոչինչ ասել հնարավոր չէ։ Չէի ասի, թե հենց հիմա կիրառելու դեպքում այն լավ կաշխատի։ Բայց եթե ընդդիմությունը մի օր իշխանության գա, իսկ դա ժողովրդավարական երկրներում չի բացառվում, թող իրականացնեն իրենց ծրագիրը»,-համոզմունք հայտնեց ՀՀԿ փոխնախագահը։

Ամփոփելով՝ Զոհրաբյանը շեշտեց, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ ավելի շուտ՝ երկու տարի անց կայանալիք հերթական ընտրություններին։

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը իր վերջին հանրահավաքին պահանջ էր ներկայացրել հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Հայաստանում։