Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի եւ անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը:

«Որպես Հայաստանի մեծ բարեկամ եւ գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության մեծ գործում: Մենք անկեղծորեն Ձեր երկրի ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ հաջողություններ պետության զարգացման ճանապարհին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը եւ Հայաստանը մշտապես աջակցել եւ փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները եւ անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջեւ քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում եւ հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն եւ ամենայն բարիք Ձեզ»,-ասված է Չինաստանի նախագահի ուղերձում: