Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել են Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Ազգային տոնի օրը, քանի որ մեր ընդհանուր նպատակն է համադրել ջանքերը՝ ի նպաստ համահայական խնդիրների լուծման, Հայաստանի պետականության առավել ամրապնդման։
Պատասխանելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայկական հիմնախնդիրներով զբաղվող շուրջ 50 գործիչների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման համար Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամին եւ սիրիահայության անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը։





























