Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Գյուղատնտեսական Դաշինքի միջեւ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ եւ օժանդակել կողմերի միջեւ գործակցության սերտացմանն ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ մասնավորապես նշել. «Ողջունում եմ Գյուղատնտեսական դաշինքի անդամներին եւ վստահ եմ, որ այս համագործակցությունը նոր թափ կհաղորդի Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը, որը մեր տնտեսության համար առաջնային ուղղություններից մեկն է » ,- ասել է Սերգո Կարապետյանը:
«Գյուղատնտեսական դաշինքը ստեղծվել է 2011թ-ին եւ ընդգրկում է 15 տեղական, ազգային եւ միջազգային կազմակերպությունները, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով»,- նշել է Գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնող կազմակերպության` Օքսֆամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Փոխըմբռնման հուշագրի ամրագրմամբ կողմերը համաձայն են պարբերաբար միմյանց տեղեկացնել եւ խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործողությունների կատարման ընթացքը եւ ծրագրավորելու հետագա գործողությունները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Փոխըմբռման հուշագրի ստորագրման առթիվ եւ հույս հայտնել, որ համատեղ ուժերով գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ աշխատանք կծավալեն:
Տվյալ Հուշագիրը պարտադիր ուժ չունի եւ չի դնում որեւէ իրավական պարտավորություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կամ Գյուղատնտեսական դաշինքի վրա:




























