«Արմավիա»-ում  կարծում են, որ ինչ -որ մեկը ուղղորդում է իրենց նախկին աշխատողներին՝ ակցիաներ անցկացնելու հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ավիաընկերությունից։

Նրանք մեկ անգամ եւս շեշտեցին, որ «Արմավիան» չի հրաժարվում վճարել իր նախկին աշխատակիցների աշխատավարձերը, եւ Միխայիլ Բաղդասարովն էլ անում է ամեն ինչ բոլոր պարտքերը մարելու համար, օրինակ՝ վաճառում է գույքը, հավաքում է  բոլոր պարտքերը։ Ընկերությունից հերքեցին նաեւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Բաղդասարովը որոշել է պատժել եւ չվճարել դատարան դիմած աշխատակիցների աշխատավարձերը։

«Արմավիայից» հայտնեցին, որ բորտուղեկցորդուհիները ստացել են հոկտեմբեր-մարտ ամսվա աշխատավարձերը, ընդամենը մի քանի հոգի չի ստացել մարտ ամսվա աշխատավարձը եւ օրապահիկները։ Այժմ աշխատավարձ ստանալու հերթը օդաչուներինն ու բորտինժեներներինն է։

Հիշեցնենք, որ այսօր նախագահական նստավայրի առաջ էին հավաքվել «Արմավիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, ովքեր պնդում էին, որ Միխայիլ Բաղդասարովը պատժում է իրենց դատարան դիմելու համար եւ հրաժարվում է վճարել աշխատավարձերն ու օրապահիկները։