Քիչ առաջ, Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրան ուղեկցողների մեքենան կանցնեցրել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները եւ խոչընդոտել Սյունիքում թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով մինչ այդ խոսել էր Զարուհի Փոստանջյանի հետ:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը, թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավի պատասխանատուն է:

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեռեւս այսօր առավոտյան, Ագարակ այցելելու ժամանակ «Ժառանգության» մեքենան կանգնեցրել եւ ստուգել են ռուս սահմանապահները, իսկ վերադարձի ժամանակ նորից ցանկացել են ստուգել:

Երբ Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ առավոտյան մեկ անգամ արդեն ստուգել եք, ինչու եք նորից ուզում ստուգել, սահմանապահները նշել են, որ «դեպք է պատահել, նորից պիտի ստուգենք»: Իսկ երբ մեքենայի ուղեւորներից մեկը ցանկացել է տեսանկարահանել տեղի ունեցողը, սահմանապահները ջարդել են տեսախցիկը:

Ավելի ուշ եկել է սահմանապահների ղեկավարներից մեկը եւ առաջարկել փոխհատուցել տեսախցիկի գումարը:

Զարուհի Փոստանջյանը այս պահին պահանջում է փաստաթղթային հիմքերը, թե ինչու են իրենց մեքենան ցանկացել երկու անգամ ստուգել: Նա նաեւ զանգահարել է Հայաստանի ոստիկանապետի ընդունարան եւ տեղյակ պահել տեղի ունեցածի մասին:

«Ես մի քանի անգամ գնացել եմ Մեղրի ու Ագարակ, բայց երբեք նման բան չի եղել, որ կանգնեցնեն ու ստուգեն»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը: