Գյումրիի քաղաքապետարանում ահազանգ չեն ստացել 8-րդ թաղամասի (Վոսմոյ գորոդոկ) բնակիչներից այն մասին, որ իրենց ստիպում են ազատել բնակարանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի Համայնքի գույքի հաշվառման եւ կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը:

Նա նշեց, որ իրենք տեղյակ չեն այդ խնդրից, այդ մասին իմացել են լրատվամիջոցներից, որեւէ բողոք չեն ստացել, բայց անպայման կուսումնասիրեն խնդիրը, կփորձեն ճշտումներ մտցնել: Արտյոմ Դավթյանի փոխանցմամբ՝  Գյումրիի 8-րդ թաղամասի շենքերը քաղաքապետարանի հաշվեկշռում չեն գրանցված, դրանք պատկանում են ռուսական ռազմաբազային, բայց այնտեղ բնակարաններ կան, որոնք սեփականաշնորհված են: Իրավունք ունեն՝ ռուսական ռազմաբազայի աշխատակիցները վտարել գյումրեցիներին իրենց բնակարաններին, թե ոչ, այս պահին չեն կարող հայտնել, պետք է ուսումնասիրեն խնդիրը, փաստաթղթերը եւ հիմքերը:

Նշենք, որ ԳԱԼԱ-ն ահազանգեր է ստացել Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ) բնակվող մի քանի հայ ընտանիքներից, ովքեր դժգոհում են, որ իրենց ստիպում են ազատել բնակարանները, որպեսզի դրանք տրամադրվեն Ռուսաստանից ժամանող զինվորականների ընտանիքներին: «Արդեն մեկ շաբաթ է՝ թաղամասի բոլոր ընտանիքներին թերթիկներ են բաժանում, որտեղ նշված է, որ տասնօրյա ժամկետում դուրս ենք գալու բնակարաններից, որպեսզի ռուս ընտանիքների համար տեղ բացվի: Հայրս արդեն որերորդ անգամ գնում է ռազմաբազա, նրա հետ նաեւ մի քանի այլ բնակարանատերեր, բայց ղեկավարությանը հանդիպել չի կարող, նրանք անգամ չեն բացատրում: Մենք ուղղակի խոսակցություններ ենք լսել թաղամասում ապրող ռուս զինվորականներից, որ 102-րդ ռազմաբազան լուրջ համալրումներ է ունենալու եւ եւս 3000 ընտանիք տեղափոխվելու են Գյումրիում բնակվելու, իսկ մենք ինչ պետք է անենք, ոչ ոք չի ասում»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Արման Գեւորգյանը:

Նշենք, որ այդ թաղամասում շատ են ռուս զինվորական ընտանիքները, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ ՌԴ քաղաքացի հայերը, նաեւ նրանք, ովքեր ժամանակին ռուսական բանակում են ծառայել, եւ նրանց շնորհվել է ծառայողական բնակարան: