Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը 58-րդ տեղն է զբաղեցրել ռուսական Forbes-ի կազմած Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշում:
Ըստ հրատարակչության` 2012թ. շինարարությամբ, էլեկտրաէներգետիկայով եւ անշարժ գույքով զբաղվող ընկերության եկամուտը կազմել է 90,2 միլիարդ ռուբլի, որը մեկ տարում ավելացել է 9.6 միլիարդով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ընկերությունում աշխատում է 40 հազար աշխատակից:
Վարկանիշի առաջին տեղում է հայտնվել «Լուկօյլ» ընկերությունը, որի եկամուտը 2012թ. կազմել է 3,6 տրիլիոն ռուբլի: Երկրորդ տեղում է «Սուրգուտնեֆտեգազ» նավթային ընկերությունը (850 միլիարդ ռուբլի): Երրորդ տեղն է զբաղեցրել «Վիմպելկոմ» օպերատորը (717 միլիարդ ռուբլի):
Թոփ տասնյակում են հայտնվել նաեւ Evraz (458 միլիարդ ռուբլի) եւ «Սեվերստալ» (433 միլիարդ ռուբլի) մետալուրգիական ընկերությունները, «Տատնեֆտ» (444 միլիարդ ռուբլի) եւ «Բաշնեֆտ» (388 միլիարդ ռուբլի) նավթային ընկերությունները: Տասյնակում են հայտնվել նաեւ X5 Retail Group-ը (491 միլիարդ ռուբլի) եւ «Մագնիտը» (449 միլիարդ ռուբլի): Թոփ տասը եզրափակում է «Ստորյգազկոնսալտինգ» շինարարական համալիրը (388 միլիարդ ռուբլի):
ՆԼՄԿ-ն, «Նորիլսկի նիկել», «Մեչել» եւ «UC Rusal» մետալուրգիական հսկաները հայտնվել են միայն 20-ի մեջ, ինչպես նաեւ օպերատորներ ՄՏՍ-ը եւ «Մեգաֆոնը»:
Վարկանիշի մասնակիցների ընդհանուր եկամուտը կազմել է 22,9 տրիլիոն ռուբլի: Ցուցակում հայտնվել են 56 հրապարակային եւ 114 ոչ հրապարակային ընկերություններ:





























