«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այցելել են Կոմիտասի անվան պանթեոն: Միջոցառմանը մասնակցում էին փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնին մասնակցող երգչախմբեր, անհատ կատարողներ, կոմիտասյան արվեստի երկրպագուներ: Մասնակիցները ծաղիկներ են դրել եւ խնկարկել Մեծն Կոմիտասի շիրիմին:

Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը հոգեհանգստի կարգ է կատարել Կոմիտասի շիրիմին: Այնուհետեւ Գերմանիայի Համբուրգ քաղաքի  «Գայանե» երգչախումբը եւ Մոսկվայի Հայորդաց տան «Օվսաննա» եւ «Նորահրաշ» երգչախմբերը հանդես են եկել կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով:

Նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը խորհրդանշական է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, քանի որ Կոմիտասը նաեւ ցեղասպանության խորհրդանիշ է:

Երգահաններ Տիգրան Մանսուրյանը եւ Հովհաննես Չեքիջյանը ողջունել են աշխարհի տարբեր երկրներից մեծ երգահանին հարգանքի տուրք մատուցելու համար Հայաստան ժամանած երգչախմբերին եւ անհատ կատարողներին,  միաժա,մանակ շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը այս հայաշունչ նախաձեռնության համար: