Սյունիքի մարզը տնտեսության դիվերսիֆիկացիայի կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ընդգծենք, որ սեպտեմբերի 25 – 26-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինչպես հայտնի է, Սյունիքի տնտեսությունը հիմնականում հիմնվում է լեռնարդյունաբերության վրա: Դա ապահովում է մարզի համախառն արդյունքի 85%, եւս 10% կապված է հիդրոէներգետիկայի հետ, 5%՝ ծառայությունների: Մեր նպատակն է 2014-17թթ նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Երկրի նախագահը երեկ եւ այսօր եղել է մի շարք նոր ձեռնարկություններում»,-ընդգծել է մարզպետը:
Նա հավելել է, որ մարզը համեմատաբար բարենպաստ է գյուղատնտեսության եւ սննդարտադրության, մեխանիկայի, այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար: «Պատրաստվում ենք ներդրումային առաջարկություն անել եւ ներկայացնել մասնավոր սեկտորին: Հնարավոր է՝ դրա համար ինվեստֆորում կազմակերպենք»,-եզրափակել է Հակոբյանը:




























