Հայաստանի էներգետիկայի ոլորտ կուղղվեն Վերականգնման վարկերի բանկի (KfW) 40 մլն եվրո վարկային ռեսուրսները: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ կենտրոնական բանկին տրամադրեց պետական երաշխքիներ՝ 2012թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԿԲ-ի եւ KfW-ի միջեւ «Վերականգնող էներգիայի աջակցություն» (երրորդ փուլ) ծրագրի շրջանակում 40 մլն եվրո վարկի համար:
Ծրագրով նախատեսված է, որ գերմանական բանկի կողմից վարկի տրամադրման նախապայման է ՀՀ ֆինանսների նախարարության երաշխիքը՝ որպես վարկի ապահովման միջոց:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 40 մլն եվրո վարկը կտեղաբաշխվի մեկուկես տարվա ընթացքում: Սպասվում է, որ վարկը կստացվի 2013թ. վերջին: Վարկերը բանկերի միջոցով հիմնականում կտրամադրվեն 2014թ.:
KfW-ն Հայաստանի հետ համագործակցում է 1995 թ., իսկ բանկի ներկայացուցչությունը Հայաստանում գործում է 1998 թ.: Մինչ օրս KfW-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 250 մլն եվրո:




























