Այսօր՝ սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել ՀՀ դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս այսօր առավոտյան հարցաքննվել էր ոստիկանության Երեւանի քաղաքի քննչական վարչությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մոտ երկու տասնյակ աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանց հանդեպ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում:





























