Հայաստանը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբայան հակամարտության կարգավորմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը, մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանի վրա դրա ազդեցության հետ:
«Մենք բարձր ենք գնահատում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որոնք ուղղված են ղարաբաղյան խնդրի խաղաղ եւքաղաքական կարգավորմանը»,-ընդգծել է Շարմազանովը: Խորհրդրանի փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ խոչընդոտը Ադրբեջանն է, որը բարձրագույն մակարդակում ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ասել է. «Դուք կարծում եք, որ Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ոչ: Դա Հայաստանին չափից ավելի կուժեղացներ եւ պոտենցիալ ավելի ուժեղ կդարձներ: Թե կարծում եք, որ հակառակն է ճիշտ՝ որ Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն գերակայության հասնի Երեւանի նկատմամբ: Ոչ, նրանք առհասարակ չեն ցանկանում, որ որեւէ մեկը հաղթանակ տանի: Նրանց նպատակը հենց հակամարտությունն է, քանի որ այն խանգարում է ազգերին անկախ դառնալ եւ արգելափակում է ԵՄ հետ նրանց ինտեգրումը»:





























