Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր աշխատանքն ավարտող Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին, ընդունված որոշումներին, եկեղեցու հոգեւոր բարձրագույն իշխանության մարմնի կողմից քննարկված արդիական հարցերին, որոնք եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից բացի, ներառել են նաեւ աշխարհասփյուռ հայության եւ մայր հայրենիքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներն ու մարտահրավերները, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքները եւ պետություն-եկեղեցի հարաբերությունները:
Հոգեւոր առաջնորդները եւս մեկ անգամ կարեւորել են Հանրապետության նախագահի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, նախագահի ելույթում հնչած համազգային կարեւորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները:





























