Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երեւանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:
«Մեր այս հանդիպումը դարձել է ավանդական, քանի որ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Մենք հասարակական կազմակերպությունների հետ միասին հետեւում ենք, թե ինչ վիճակում է գտնվում տեղեկատվության հասանելիության աստիճանը մեր քաղաքացիների համար: Ժամանակակից աշխարհը նորագույն հնարավորություններ է ստեղծում տեղեկատվության տրամադրման համար եւ մեր քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն՝ վերահսկելու իշխանություններին: Դա նշանակում է, որ իշխանություններն, օգտվելով այդ հնարավորություններից, պարտավոր են իրենց գործունեության մեջ լինել բաց եւ թափանցիկ, իսկ հասարակությունն իրավունք ունի վերլուծել այդ տեղեկատվությունը, պահանջել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում» ,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետությունում ունենան հաջողություն, քանի որ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում հենց այս նախաձեռնությունն ունի էական դերակատարություն:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, որը խորհրդանշում է բաց եւ հրապարակային աշխատանքը, շնորհվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել է Երեւանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններ են ճանաչվել ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաեւ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:





























