Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը, սեպտեմբերի 30-ին, Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, տեղի կունենա Կառլ եւ Էմմա Սողոյաններ ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայ Եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Սողոյանները Սուրբ Էջմիածնին են ընծայաբերել երկու տասնյակ ձեռագիր մատյաններ եւ հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666 թ.):
Նվիրաբերված ձեռագրերը Մայր Աթոռի ձեռագրերի հետ մշտական ցուցադրության են դրվելու Գանձատան նորաբաց ձեռագրասրահում: Ցուցադրության մեջ ներկայացված են նաեւ որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաեւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաեւ վերջինիս գրությունն ուղղված Տ.Տ. Գեւորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հաստատելու վերաբերյալ:





























