Հայաստանի կենտրոնական բանկում, սեպտեմբերի 30-ին, տեղի է ունենալու «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս: 

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի  նպատակն է՝ բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը: Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը  եւ անձնական ֆինանսների «ճիշտ» եւ գիտակից կառավարումը կարեւոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության եւ սոցիալական վիճակի բարելավման գործընթացում: Ծրագիրը կարեւոր է հատկապես մարզերի համար, որտեղ  մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից: Անձնական եկամուտների «ճիշտ» կառավարումը, հատկապես կարեւորվում է սեզոնային աշխատանքներում ընդգրկվածների համար:

«Իմ Ֆինանսների միամսյակ»-ին մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW - Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները: Առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները կկազմակերպեն բաց դռների տեղեկատվական օրեր, կներկայացնեն հատուկ ծառայություններ եւ կիրականացնեն մի շարք այլ միջոցառումներ:

«Իմ ֆինանսների միամսյակի» ընթացքում Երեւանում եւ մարզերում կիրականացվեն  մի շարք տեղեկատվական եւ ուսուցողական միջոցառումներ՝ «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր եւ այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան:

Միջոցառումներին եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է   www.abcfinance.am կայքում, ինչպես նաեւ համանուն facebook- յան էջում:

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներքո ֆինանսական իրազեկմանն ուղղված միջոցառումներ իրականացվում են մշտապես: