Մոսկվայում իսրայելյան  Infected Mushroom խմբի համերգն ընդհատվել է, երբ  համազգեստներին «ԹՎԴԾ սպեցնազ» գրված անձինք ելույթի ժամանակ ներխուժել են դահլիճ: Երաժիշտներին կուլիսներից այն կողմ են տարել՝ իրենց գործողությունները հիմնավորելով Թմրանյութերի վերահսկողության դաշնային ծառայության ստուգումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երաժիշտները միայն երեք  կատարում են հասցրել ցուցադրել, ինչից հետո սպեցնազը ներխուժել է եւ հայտարարել ստուգումներ անցկացնելու մասին: Երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել. ոմանք հայհոյել են, ոմանք ծիծաղել:

«Գլավկլուբում» գործողության ընթացքում մարդկանց երկար ժամանակ դուրս չեն թողել: Մի քանի  հոգու ձերբակալել են, խմբի անդամներին տարել անհայտ ուղղությամբ:

Ստուգայցի արդյունքում առգրավվել է մարիխուանա, սինթետիկ թմրամիջոցներ, մոտ 10 մարդ թմրանյութի ազդեցության տակ է եղել, ինչի մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է ԹՎԴԾ-ն:

Ասում են, թե թմրանյութերի դեմ պայքարողների կասկածը հարուցել էին ազդագրերը, որոնցում գրված էր՝ «սնկերի սեզոնը բացված է»:

ԹՎԴԾ մայրաքաղաքային վարչությունից հայտնել են, որ համերգի մասին չեն իմացել, այլ  բարմենի հետեւից էին եկել:

Ակումբում կազմակերպված գործողությունը հաջող է անցել: «Գլավկլուբի» բարմենը ձերբակալված է: «Համերգի հետաձգումը Infected Mushroom խմբի հետ ոչ մի կապ չուներ», - հայտնել է ԹՎԴԾ ներկայացուցիչը: