Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները  երկուշաբթի առավոտյան կրկին հավաքվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի մոտ, քանի որ արդեն 4 շաբաթ է անցել Հակոբին ուղարկված վերջին նամակից եւ դեռ պատասխան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի ազգական Նորիկ Ինջիղուլյանը: Նրա խոսքով՝ վերջին նամակը հանձնելուց հետո Կարմիր խաչից փոխանցել են, որ 4 շաբաթ հետո պատասխան կլինի կամ նորություններ հայ ռազմագերու գործով: «Մինչեւ այս պահը դեռ ոչ մի նորություն չկա: Մինչեւ այդ մի օր գնացինք չընդունեցին, ասացին, թե 4 շաբաթը չի լրացել: Երկուշաբթի արդեն 4 շաբաթը լրացած է լինելու, գնանք տեսնենք ինչ են ասում»,- ավելացրեց Նորիկ Ինջիղուլյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի հետ: Վերջինս նամակ էր փոխանցել ընտանիքին: Արման Ինջիղուլյանը հայտնել էր, թե Հակոբը նամակում գրել է, որ իրեն լավ է զգում, բուժզննում է անցել: Իսկ վերջում գրել էր. «Ձեր սիրելի Հակոբ ջան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն օգոստոսի 20-ին Կարմիր Խաչին հաջողվել է հանդիպել հայ ռազմագերուն: