Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանին «Արարատի Պուտին» մականունը կնքել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց

Հակոբ Թովմասյանը: «Հիմա էլ երբ հանդիպում եմ պարոն Աբրահամյանին կամ երկրորդ նախագահին, վերեւի ղեկավարության գերակշռող մեծամասնությունը ինձ  «Արարատի Պուտին» է դիմում: Դե այդ մարդկանց չես հարցնի՝  ինչի ես էդպես դիմում»,- ասաց նա: Ի դեպ, ԱԺ նախագահին նա վերջին անգամ տեսել է հունիսի 12-ին Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Պանթեոնում, Ռոբերտ Քոչարյանին վաղուց չի տեսել: Առաջադրվելու առթիվ չի պատրաստվում հանդիպել նրանց եւ աջակցություն խնդրել, «հանդիպում եմ տատիկների, պապիկների հետ, իմ ընկերներն են»:

Նա չի հիշում, թե կոնկրետ ինչ միջադեպից է ծնվել իր մականունը, բայց այդ մականվան հետ կապված «Արարատի Պուտինը» հետաքրքիր հիշողություններ ունի:  Նա պատմեց, որ մի անգամ երկրորդ նախագահը եկել էր Արարատ, երբ գնաց ողջունելու եւ դիմավորելու, նախագահն ասել էր՝ «ողջույն, Վլադիմիր Վլադիմիրովիչ», բոլորը շփոթահար էին, չգիտեին, թե ում է դիմում, նախագահը բացատրեց՝ ասելով, թե «ինքը մեր Պուտինն է»: «Մի անգամ էլ գնացել էի նախագահական, նախագահին կից տեղական ինքնակառավարման մարմնի հանձնաժողով կար, գնացել էի, որ անցագիր վերցնեմ եւ մտնեմ ներս: Զանգ էի տվել գործարարին, թե. «Պուտինին անցագիր գրեք», այդ ժամանակ էլ Պուտինը Հայաստանում էր: Ես կանգնած եմ, նա ապշած նայում է կողքինին, թե սա ինչ էր ասում, թե Պուտինին անցագիր գրեք, մյուս աղջիկը ճանաչում էր ինձ, ոտքը սեղմեց, ասաց՝ սուս մնա, խնդրեցին անձը հաստատող փաստաթուղթը եւ գրեցին: Ես բարձրացա, իջա, դեռ բոլորը ծիծաղում էին»,- պատմեց նա:

Քոչարյանի լավագույն ավանդույթները շարունակում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով եւս Հակոբ Թովմասյանին «Արարատի Պուտին» է անվանում: Նախկին քաղաքապետը պատմեց, որ այդպես իրեն անվանում են թե անծանոթները, թե ծանոթները: Վերջերս, օրինակ, նա տաքսի էր նստել եւ վարորդը պատմեց, թե ինչպես պատվեր ուներ իրենց թաղամասից եւ իրեն ճանապարհը բացատրել էին, թե Պուտինի փողոցով թեքվիր, կհասնես, շփոթահար տաքսիստն էլ հիշել էր, որ ՌԴ-ում էլ է տաքսի վարել:

Հակոբ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ իրեն այդպես են անվանում, քանի որ Պուտինին նման է  ջանասեր աշխատելաոճով, «վազում էր այստեղ, վազում էր այնտեղ»: Նրա համար մեծ պատիվ է այդ մականունը, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր սիրելի քաղաքական գործիչն է, հավանում է նրան, հետեւում է նրա ելույթներին, գործողություններին: «Պատիվ է նման մարդկանց հետ համեմատվելը»,- ասաց նա:

Հարցին, թե Մաքսային միություն մտնելու նախաշեմին մականունը «քարտ բլանշ» կարող է լինել, այդ մականունով առաջադրվելիս հնարավոր է նույնիսկ հաղթել, ինչու չեք օգտագործում այն, Հակոբ Թովմասյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ես ունեմ անուն, ազգանուն, ինձ համար ավելի հարազատ է իմ անուն, ազգանունը: Եթե արդար պայքար ընթանա, առանց մականունի էլ, համոզված եմ, ելքը նորմալ կլինի»: