Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: 

Նա նշել է, որ դա չի ազդի ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, սակայն Ռուսաստանն իրեն ավելի պարտավորված կզգա այսպես կոչված անվտանգության երաշխիքի հարցում, որը տրամադրում է Հայաստանին, իսկ Հայաստանի միջոցով՝ նաեւ Լեռնային Ղարաբաղին: «Այդ ամենն էլ ավելի կնպաստի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականության նվազմանը», - կարծում է  Սերգեյ Մինասյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա աշխատանքային այցի ժամանակ, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտարարվել էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության եւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացին աջակցելու մասին: