Թունիսի իսլամիստական կառավարությունը համաձայնել է հրաժարական տալ: Սպասվում է, որ կառավարության հրաժարականի մասին կհայտարարվի աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններն սկսելուց անմիջապես հետո, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: 

Քաղաքական գործիչները բանակցությունների սեղանի շուրջ կնստեն հաջորդ շաբաթվա կեսին: Նոր կառավարությունը կզբաղվի 2014թ. նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ, հայտնում է rbc-ն:

Հրաժարական տալու մասին վճիռը կայացվել էր ամռանն ամբողջ երկրում ծավալված  բողոքի զանգվածային ցույցերին զուգահեռ: Ցույցերի պատճառ էին դարձել Թունիսում  հայտնի ընդդիմադիրների սպանությունները, որոնք դեմ էին «Ան Նահդա» շարժման իսլամիստներին:

Չորս ամսվա ընթացքում «Տամարուդ» երիտասարդական շարժման ակտիվիստները հավաքել էին ավելի քան 4 միլիոն ստորագրություն՝ կառավարության վաղաժամ հրաժարականի համար,  սակայն քաղաքական գործիչներն անտեսել էին ժողովրդի ցանկությունը:   Սեպտեմբերի 30-ին շարժումը բողոքի նոր ցույց է անցկացնելու: