Դեռ բավական վաղ է խոսել սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հնարավորության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւին:
«Եթե ռազմական գործողությունները Սիրիայում դեռ շարունակվում են, չեմ կարծում, որ բանաձեւը կարող է ազդել սիրիական ճգնաժամի վրա: Այն միտված է Սիրիայում քիմիական զենքի հարցի լուծմանը, այսինքն Սիրիայում ոչնչացնել քիմիական զենքը կամ բացառել դրա օգտագործման վտանգը», - հայտնեց Սարգիս Գրիգորյանը՝ կարծիք հայտնելով, թե մեծ հաշվով հակամարտությունը դեռ շարունակվում է եւ կշարունակվի:
Հիշեցնենք, որ ՄԱԿ - ի Անվտանգության Խորհուրդը սեպտեմբերի 28 - ի գիշերը բանաձեւ ընդունեց է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին: Փաստաթուղթը միաձայն ընդունվել է ՄԱԿ - ի Անվտանգության Խորհրդի բոլոր 15 անդամների կողմից:
Բանաձեւը պահանջում է բոլոր պետություններից արտադրության մեջ օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի ձեռքբերման ու կիրառման հարցում: Փաստաթուղթը կոչ է անում նաեւ սիրական իշխանություններին ու ընդդիմությանը քաղաքական երկխոսություն սկսել:





























