Եթե Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած եւ կալանավորված, պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կաշառքով հարց լուծած լիներ, այսօր իր սոցիալական վիճակը լավ կլիներ եւ պայքար չէր սկսի իր սոցիալական գոյությունը պահպանելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահ, ռազմական ոստիկանության Արմավիրի բաժնի նախկին պետ Գրիշա Սարգսյանը՝ հավելելով, որ այդ օրը Հայաստանում չի եղել, գիշերն է վերադարձել ու տեղեկացել այդ մասին:

«Գնացել էի Դանիայի Թագավորություն՝ Միջազգային ոստիականական ասոցիացիայի գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը պետք է լիիրավ անդամ դառնար: Ես դեռ ոչ մի տեղեկություն չունեմ ու չգիտեմ Հայաստանի քաղաքական դաշտում ինչեր են կատարվում կամ չեն կատարվում: Բայց ես մի բան կարող եմ ասել, որ այս սոցիալական պայքարը պետք է հասնի գաղափարական ավարտին»,- ասաց Գրիշա Սարգսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ մեղքը պետք է դատարանն ապացուցի, իսկ եթե կատարած հանցանք կա, դա կլինի նախագահ, կլինի շարքային քաղաքացի, բոլորը պետք է  իրենց արարքների համար օրենքի տառին համապատասխան պատժվեն: «Երբ բոլոր նյութերին ծանոթանամ, ուսումնասիրեմ, նոր կասեմ, սարքե՞լ են, թե՞ իրականությանը բռնում է: Կաշառքը դժվար ապացուցելի արարք է եւ մեր օրենքը այդ մասով թերի է: Չի կարելի ինչ-որ հայտարարությամբ մարդուն ձերբակալել  եւ դա հիմնավոր համարել: Ավելին, նա վտանգավոր հանցագործ չի, որ միանգամից մեկուսացրել են: Եթե անգամ նման բան էլ կար, պետք է նման քայլի չգնային, այլ ստորագրությամբ բաց թողեին, որ իր անմեղության կանխավարկածը պաշտպաներ: Ես այդ արարքը դատապարտում եմ եւ գտնում, որ նրա հետ ճիշտ չեն վարվել: Մենք պատրաստվում են նրան հանդիպել, որ իրականությունը իմանալուց հետո պաշտպանենք նրա շահերը, որ ազատամարտիկների ոգին չկոտրվի»,- ավելացրեց Գրիշա Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել: Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: