ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը չի բողոքարկել իր որդու դեմ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու որոշումը, քանի որ հույս ունի, որ քննությունը ամեն րոպե կարող է վերսկսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արագած Ախոյանը:
Նա նշեց, որ քննության ընթացքում ոստիկանների ուշադրության կենտրոնում էին 2-3 երիտասարդ, որոնց մեղավորությունը, սակայն, չապացուցվեց: «Ոստիկաններն ամեն ինչ արել են, բայց, ցավոք, բավարար ապացույցներ չկային»,- ասաց պատգամավորը:
Արագած Ախոյանը մտավախություն չունի, որ հանցագործները կվերադառնան եւ նորից կփորձեն ավազակային հարձակում կատարել:
«Ես թշնամիներ չունեմ, թեեւ ոչ ոք ապահովագրված չէ:
Չեմ կարծում՝ այդքան համարձակություն կունենան, հայտնի ժողովրդական խոսք կա՝ մի անգամ կաթը որ մարդու բերանը վառում է, թանն էլ է փչելով խմում: Հիմա ավելի զգույշ ենք, որդիս մենակ չի շրջում, ընկերներով է, տեսախցիկներ ենք տեղադրել, ուշադիր ենք»,- ասցա պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է ՀՀ քր. օր.–ի 31-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (անձը չի գիտակցել իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը)։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում, ավազակային հարձակում է եղել Ազգային ժոդովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի 10 շենքում՝ մուտքի մոտ, 4 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են: Դիմակավորված անձինք նրա մոտից հափշտակել են բջջային հեռախոսը եւ տան բանալիները, իսկ դրամապանակը չեն կարողացել տանել, վերջինս հայտնաբերվել է դեպքի վայրում: Բանն այն է, որ հարեւանը, լսելով աղմուկի ձայնը, լույսը միացրել է, եւ դիմակավորված անձինք փախել են: «Լուրջ դիմադրություն է ցույց տվել, նույնիսկ երբ փախուստի են դիմել, ուզել է հետեւից վազի, բայց չի կարողացել, որովհետեւ շոկի մեջ էր»,- ասաց Արագած Ախոյանը: Նա շեշտել է, որ սա ավազակային հարձակում էր գողության նպատակով եւ այստեղ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել, ոչ էլ կապել իր գործունեության հետ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն): Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Նշենք նաեւ, որ Հայկ Ախոյանը սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում: Նա տուն էր վերադառնում հարսանիքից, բայց պատգամավորը հավաստեց, որ նա թշնամիններ չունի, ոչ էլ հարսանիքի ժամանակ էր միջադեպ գրանցվել: Երիտասարդը հիվանդանոց չի տեղափոխվել, նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։





























