Դժվար է որևէ առաջընթաց ակնկալել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաև իրենց ցանկությանը մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդպիում, սակայն այս պահին դժվար է ասել, այդ հանդիպումը կկայանա, թե՝ ոչ»,- նշել է Վահրամ Աթանեսյանը:
Այն հարցին, թե կազդի արդյոք Հայաստանի մտադրությունը անդամակցել Մաքսային միությանը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացի վրա, նա նշել է. «Չեմ կարծում, որ դա կարող է էական նշանակություն ունենալ: Ռուսաստանը չի հանդիսանում և չի կարող հանդիսանալ որևէ երկրի անվտանգության երաշխավորը: Ռուսաստանն ընդամենը Հավաքական անվտանգության պայմանագիրի կազմակերպության անդամ պետություն է, և ցանկացած իրավիճակում այդ պայմանգիրը պետք է ուժի մեջ մնա»: Վահրամ Աթանեսյանն ընդգծել է, որ Ռուսաստանը միայն ռուսական պետության անվտանգության երաշխավորն է:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ժակ Ֆորը(Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիկը(ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Համանախագահները ընդգծել են իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։




























