Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը՝  ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը`  առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից: Պավլիկ Սարգսյանի թեկնածության գրանցումը մերժվել էր, քանի որ նա չէր վճարել ընտրագրավը, իսկ Տիգրան Սարգսյանը եւ Վահրամ Հովհաննիսյանը ինքնաբացարկ էին հայտնել: