Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի ընտրատեղամասերում այսօր` սեպտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր  ընտրական տեղամասերը:

ԿՀԸ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը:

Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում են Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, 7-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունը և հանձաժողովի մեկ անդամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահներն ու քարտուղարներն սահմանված կարգով ներկայացել են ընտրական հանձնաժողովներ:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: Առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը՝  ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը: