Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ է տանում ՀՀԿ-ական թեկնածուն: ԿԸՀ-ն հրապարակել է սեպտեմբերի 29-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Առայժմ մշակվել են 76 ընտրատեղամասերից 57-ի տվյալները: Այդ տեղամասերի արդյունքներով` ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը ստացել է 13 հազար 728 քվե, իսկ «Ժառանգության» անդամ Սամվել Հայրապետյանը`2 հազար 781 քվե:
19 տեղամասերում դեռ քվեաթերթիկների հաշվարկն ընթանում է:
Թիվ 38 ընտրատարածքում գրանցված է 50 հազար 370 ընտրող, որոնցից ընտրություններին մասնակցել է 25 հազար 337-ը:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: Առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը՝ ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը:
Լուսանկարը` «Առավոտի»





























