Ինչո՞վ է պայմանավորված, որ Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները գրեթե միաժամանակ՝ 2013թ.-ի հուլիսի սկզբին, կարծես միմյանց հետ պայմանավորված, ուղեվարձը թանկացնելու նպատակով դիմել են Երեւանի քաղաքապետին:
Այս առնչությամբ՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դեռեւս հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
Նա նշել էր, որ վերոհիշյալ որոշումների հիմքում ընկած ուղեւորափոխադրող կազմակերպությունների գրավոր դիմում-հիմնավորումներից ակնհայտ է՝ նրանք գրեթե միաժամանակ՝ 2013թ.-ի հուլիսի սկզբին, կարծես միմյանց հետ պայմանավորված, ուղեվարձը թանկացնելու նպատակով դիմել են Երեւանի քաղաքապետին՝ ներկայացնելով ծախսերի ավելացման հաշվարկներ, որոնք միմյանցից այնքան էլ չեն տարբերվում:
Խմբակցության անդամները ուղեւորափոխադրող 49 կազմակերպություններից 48-ի՝ միաժամանակ դիմելու ու նույնաբովանդակ գործողություններում միտում են տեսնում: Տիկին Բախշյանը խնդրել էր նշված արատավոր երեւույթը ուսումնասիրել, պատժամիջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ՝ պարզաբանել, թե որքանով է ազատ մրցակցությունն ապահովվել ուղեւորափոխադրող 49 կազմակերպությունների միջեւ:
Չստանալով որեւէ պատասխան՝ սեպտեմբերի 12-ին նա կրկին նամակով դիմել է Արտակ Շաբոյանին՝ հիշեցնելով հարցման մասին եւ ակնկալելով պատասխան, սակայն առ այսօր որեւէ արձագանք չկա:




























