Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ընդունել է համապատասխան օրենքում «գենդեր» եւ «գենդերային հարաբերություններ» տերմիններին դեմ հանդես եկող խմբի անդամներին:
Նրանք առաջարկում են չեղյալ համարել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքը, որը ներկայացրել են ԱԺ նախագահին եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին:
ՀԴԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնության պատվիրակության կազմում էին ՀԴԿ նախագահ Ա.Սարգսյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Ա. Բոշյանը, «Հայասպետ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Կ. Տոնոյանը, գրող-հրապարակախոս Լ. Ավետիսյանը:
Զրույցին մասնակցել են նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովների նախագահները: Որոշվել է շարունակել քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ եւ լսումներ կազմակերպել ԱԺ-ում` «գենդեր» «գենդերային հարաբերություններ» հասկացությունները օրենքից հանելու համար:
ՀԴԿ նախագահը ԱԺ նախագահին է հանձնել նաեւ փախստականներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ կուսակցությանն ուղղված դիմումները, որոնցում մասնավորապես պահանջ է դրված 2014 թվականից սկսած պետական բյուջեում նախատեսել առնվազն 4մլրդ. դրամ` փախստականների համար բնակելի շենքեր կառուցելու նպատակով:





























