Երեւանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Համաձայն ծրագրի, բարեկարգվել է 68387 քմ հարթ եւ 48550 քմ թեք տանիք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում էլ բարեկարգվել է շուրջ 1190 շքամուտք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերել համալիր մոտեցում. «2014 թվականի ծրագրերում մենք, համատիրությունների հետ միասին, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի ոչ միայն բազմաբնակարան շենքերի շքամուտքերը վերանորոգվեն, այլեւ բոլոր հարկաբաժինները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ հավելել է, որ գալիք տարի եւս բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման հարցում քաղաքապետարանը շարունակելու է աջակցել համատիրություններին:
Զեկուցվել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում ապահովվել է ավելի քան 953 մլն դրամի տնտեսում, իսկ Երեւանի քաղաքապետարանի, այդ թվում նաեւ վարչական շրջանների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում՝ 1 մլրդ 19 մլն դրամի տնտեսում: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով տնտեսումների վերաբերյալ պարբերաբար իրազեկել հանրությանը:
Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում մեկնարկած մեծ եւ միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Մինչեւ տարեվերջ կապամոնտաժվի շուրջ 106 գովազդային վահանակ. «Այս սկզբունքը հետագայում պետք է կիրառվի նաեւ մայրաքաղաքի մեծ կենտրոնում ու, ընդհանրապես, ողջ քաղաքում, որպեսզի մենք հետզհետե ազատվենք Երեւանի ճարտարապետական տեսքը խաթարող գովազդային այդ վահանակներից»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցի համաձայն են ընթանում նաեւ յոթ վերգետնյա անցումների կառուցման, ասֆալտապատման ու շինբարեկարգման աշխատանքները:




























