Սեւանա լճի մակարդակը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ 1900,59 մ է, ինչի պատճառով առաջացել են հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ:
Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաեւ ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները եւ ենթակառուցվածքները: Միաժամանակ ջրի բարձր որակն ապահովելու համար կարեւոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները չեն գործում:
Սեւանա լճի էկոհամակարգերի պահպանման նպատակով յույրաքանչյուր տարի պետական բյուջեից զգալի գումարներ են հատկացվում: 2013 թ. հատկացվել է 425 մլն դրամ, 2014 թ. հատկացումը պետական բյուջեից նախատեսվում է մոտ 360 մլն դրամի սահմաններում:




























