ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստում հոկտեմբերի 1-ին քննարկվել է ՀՀ նախագահի՝ համաներում հայտարարելու մասին առաջարկը եւ այն ԱԺ օրակարգում ընդգրկելու որոշում է կայացվել: Այս մասին լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ համապատասխան տեքստն արդեն պատրաստ է:
Ըստ նրա՝ համաներումը ենթադրում է, որ բանտարկյալների մի մասն անհապաղ ազատ կարձակվի, մյուս մասի պատժաչափը կկրճատվի: Սակայն կան հոդվածներ, որոնց վրա համաներումը չի տարածվի: Ինչ վերաբերում է դատապարտված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ապա, ըստ Թովմասյանի, հոդվածի վրա, որով դատապարտվել է ընդդիմադիրը, սահմանափակումները չեն տարածվում:
Հարցին, թե ում վրա կազդի համաներումը, Թովմասյանը անեկդոտ է հիշել. «Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի մարդ է մահացել, սա ասում է՝ քսան միլիոն, ասում է՝ դե բոլորի անունն ասեք»,- պատմել է նախարարը եւ հավելել. «Համաներումը դուք ներման հետ մի շփոթեք, ներման ժամանակ են անուններ լինում, համաներման ժամանակ լինում է արարք, հոդված, այնպիսիք, ինչպիսիք են՝ առաջին անգամ դատապարտված, մինչև տասնութ տարեկանը հանցագործություն կատարած անձինք, հղիները, մինչև երեք տարեկան երեխա ունեցողները»:
Նախարարը նաեւ հիշեցրել է, որ 2011թ. համաներումը տարածվեց 1200 դատապարտյալների վրա:
Հրայր Թովմասյանը նկատել է, որ կան երկրներ որտեղ համաներումը կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակ է հետապնդում: «Մեզ մոտ այսօրվա դրությամբ գերծանրաբեռնվածությունը ընդամենը 250 բանտարկյալ է կազմում: Սակայն «Արմավիր» ՔԿՀ-ի շահագործման հանձնելուց հետո այդ հարցը կլուծվի:
Հետեւաբար, համաներման անցկացումը այս հանգամանքով չէ պայմանավորված, այն հայտարարելու նպատակահարմարությունը որոշում են նախագահն ու խորհրդարանը»:





























