Հիմքեր կան մտածելու, որ այս համաներումը տարածվելու է նաեւ Տիգրան Առաքելյանի վրա, նաեւ նրա համար է իշխանությունն ընդունել այս ակտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա շեշտեց, որ իշխանությունների համար լուրջ խնդիր է սա եւ այն պետք է ինչ-որ կերպ լուծեն: «Ամեն դեպքում մարդը երկու տարի 2 ամիս անազատության մեջ է, իր կյանքից են այդ տարիները գնացել, այդ եղանակով այդ մեղքը քավել չի լինում, ինչ-որ ձեւով ինչ-որ կերպ լուծում տալու տարբերակ է: Կարծում եմ՝ իր վրա եթե հաստատպես տարածվի, դա արագ տեղի ունենա, դատարանը պետք է կիրառի»,- ասաց Մուշեղ Շուշանյանը՝ չնշելով Տիգրան Առաքելյանի ազատ արձակման մոտավոր ժամկետ:
Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանում ընթանում է դատավարություն, եւ այնպես չէ, որ Տիգրան Առաքելյանը, իմանալով, որ համաներումը իր վրա տարածվում է, չանի այն քայլերը, որը պատրաստվում է անել:
«Մեր նպատակը նրա արդարացմանը հասնելն է, որովհետեւ ինքը ոչ միայն որեւէ հանցանք չի կատարել, այլեւ հանցանք կատարվել է իր եւ իր ընկերների նկատմամբ, այնպես որ մենք պետք է հասնենք մեր նպատակին: Վերաքննիչ դատարանում դատավարություն է, գործընթացներ կան, օբյեկտիվորեն պետք է հաշվի առնել, որ պրոցեսը ինչ-որ ժամանակ կտեւի»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանը շեշտեց, որ համաներմամբ իշխանությունը փորձում է ներկայացնել, որ գթասիրտ է եւ մարդասեր, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա այդպես չէ, ընդամենը ստեղծված վիճակից դուրս գալու տարբերակ է, եւ երբեւէ պետք չէ պատրանք ունենալ, որ անցանկալի անձանց նկատմամբ ռեպրեսիաներ էլ չեն կիրառվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից հետո, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:





























