Համաներումը մարդասիրական ակտ է պետության կողմից, եւ պետք է որ այն տարածվի թե Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի, թե Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ  Մարգար Օհանյանի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ նախորդ տարիներին՝  2009թ, 2011թ, համաներումը չի տարածվել Քրեական օրենսգրքի  308 հոդվածի 2-րդ մասի վրա (որոնցով դատապարտված են այդ անձինք)`  «երեւի թե այդպես պաշտոնական հանցագործությունների դեմ են փորձում պայքարը ուժեղացնել»:  Փաստաբանի խոսքով՝  պաշտոնյանների դեպքում պատժի խստությամբ չեն վերադաստիրակելու, նրանց համար ամենամեծ հարվածը հենց լրատվամիջոցների հրապարակումներն են: Վաղինակ Գեւորգյանը շեշտեց նաեւ, որ չի հասկանում Մարգար Օհանյանին անազատության մեջ պահելու իմաստը որն է, երբ վերջինս պետբյուջեին վերադարձրել է գումարները, իսկ մեկ կալանավորի վրա պետությունը ահռելի գումարներ է ծախսում, «այսքան ժամանակ պահում են կալանքի տակ ո՞ր ինչ անեն»:

«2011թ, 2009թ  համաներումը չի ազդել այդ հոդվածի վրա, ո՞նց եղավ որ հիմա լինի: Եթե արդարացի լինի, մարդասիրական վերաբերմունքի մասին է խոսքը, հավանական է, որ կազդի: Կարծում եմ՝  նախ 308-րդ հոդվածի վրա պետք է ազզի, հետո նոր ավազակային հարձակումների, մյուս ծանր հանցագործություններ: Ամեն դեպքում, համաներումը քննարկման մեջ է, չգիտեմ՝ կտարածվի, թե չի տարածվի: Եթե 308-րդ հոդվածի 2-րդ մասի նկատմամբ կիրառելի համարեն, կորոշեն՝ ինչ ձեւով կիրառվի՝ կրճատվի պատճաչափը եւ  ինչ չափով՝ 1/3, ¼»,- ասաց փաստբանը:

Վաղինակ Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցները, գրելով այդ մասին, խանգարում են գործընթացին, քանի որ «երբ չի ասվում, ավելի հանգիստ է արվում, իսկ երբ ասվում է, մտածում են, որ ժողովուրդը այնքան ճնշեց արեցին, իսկ պարտադրանքով չեն ցանկանում անել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը: