Փաստաբանները քննարկել են Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածությունը եւ հարց տվել՝ ում թեկնածությունը կարող է առաջարկել նախագահը, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից վատ լինի: Միաձայն հանգել են այն մտքին, որ դա զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն է:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանի նիստում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝  նշելով, որ   Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ է քվեարկելու:

Փաշինյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է այն, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, տպավորված են այն հանգամանքով, որ Կոստանյանը Նոթինգհեմի համալսարանի դիպլոմ ունի:

 «Պետք է ուշադրություն դարձնել ոչ թե դիպլոմին, այլ այն արդյունքներին, որոնց Կոստանյանը հասել է զինդատախազ աշխատած տարիներին: Եվ աղմկոտ գործերից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպն էր, որի ժամանակ արյուն էր թափվել», - ընդգծել է Փաշինյանը: Նա հավելել է, որ, լինելով զինդատախազ, Կոստանյանը հովանավորում է նախկին մարզպետին եւ իր հայտարարություններով քննությունն ուղղորդեց Սուրիկ Խաչատրյանի համար շահավետ ճանապարհով: