Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար եւ նշել. «Մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով եւ անցել մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Սա իրականում լուրջ առաջընթաց է, որը երկկողմ ջանքերի արդյունք է: Ինձ համար, որպես երկրի վարչապետի, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ: Նման դինամիկան մեր արտահանման ուղղությամբ պահպանվում է նաեւ 2013 թվականին: Սակայն այս առաջընթացի հետ մեկտեղ մեր առեւտրատնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունի հիմնարար նշանակություն: Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաեւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին»:
Վարչապետի խոսքով` այդպիսով Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ, ավելացել է նաեւ մասնակցությունը միասնական ինտեգրացիոն գործընթացին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս իրավիճակը հատուկ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին եւ ստեղծում որակական նոր հնարավորություններ` հայ-ռուսական հետագա համագործակցության համար: «Այն պարտավորեցնում է մեզ հետեւողական եւ նպատակային գործողությունների, որոնք պետք է նոր ուժ եւ բովանդակություն հաղորդեն այս ռազմավարական կարեւոր որոշմանը: Նշենք, որ ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա: Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միությանն օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված եւ կշռադատված քայլ է:
Դրա հետեւում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»,- ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջեւ դրված խնդիրներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով եւ ուղղություններով: Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի մասին, որոնք ուղղված են արդիականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի համար կարեւոր դեր կարող է խաղալ Ազատ տնտեսական գոտու լիակատար գործառնումը: «Խոսքը նաեւ գնում է էներգետիկ անվտանգության ամրապնդման եւ այնպիսի խնդիրների մասին, որոնք կապված են էներգակիրների մատակարարման եւ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով Հայաստանի կառավարական պատվիրակությանը` Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ռուսական կողմը եւս կարեւոր նշանակություն է տալիս երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը լավ հնարավորություն է կառուցողական մթնոլորտում քննարկելու նոր խնդիրներն ու մարտահրավերները, առաջնահերթությունները եւ երկկողմ համագործակցության զարգացման ուղիները: «Ռուսաստանը եւ Հայաստանը երկար տարիներ պահպանում են փոխշահավետ առեւտրատնտեսական կապեր`ռազմավարական կարեւոր ուղղություններով: Երկու երկրների նախագահների ու նաեւ Ձեր, պարոն վարչապետ, ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հայ-ռուսական տնտեսական կապերի դինամիկ զարգացում, որը ամուր հիմք է հանդիսանում հետագա փոխգործակցության զարգացման համար»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը: ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր է գնահատել երկկողմ ներդրումային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվում են նոր ծրագրեր`էներգետիկայի, տրանսպորտի, գիտատեխնոլոգիական եւ այլ ոլորտներում:
«Ռուսական կապիտալն իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանի տնտեսությունում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Երկկողմ ինտեգրացիոն կապերի խորացումը եւս կարեւոր նշանակություն կունենա հետագա կապերի ամրապնդման գործում: Վերջին ամիսների ընթացքում, Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, մեր ռազմավարական կապերը բարձրանում են որակական նոր մակարդակի, ինչը նոր խթան կհանդիսանա մեր ազգային տնտեսությունների զարգացման համար»,- ասել է ռուսական կողմի համանախագահը: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ երկու երկրներին Մաքսային միության շրջանակներում կհաջողվի իրականացնել բազմաթիվ հավակնոտ ու նպատակային ծրագրեր:
Տիգրան Սարգսյանը եւ Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ Մ. Սոկոլովի անունից միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների պատվին կտրվի պաշտոնական ճաշ։





























